Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ԼՂ-ի համար նախադեպ էր նախ Կոսովոն»

«ԼՂ-ի համար նախադեպ էր նախ Կոսովոն»
29.08.2008 | 00:00

Հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող իրադարձությունները միջազգային ողջ հանրության ուշադրության կենտրոնում են: «Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից կարո՞ղ է նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համար» մեր հարցին ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ պատասխանեց. «ԼՂ-ի համար լուրջ, անվիճելի նախադեպ են և՛ այս պետությունները, և՛ Կոսովոն: Սակայն այսօր դեռ վիճելի հարց է, որ նույնիսկ Կոսովոյի պարագայում նման կերպ պետք չէր այդ անկախությանը հասնել: Այստեղ նաև վտանգ է ներկայացնում ՎՈՒԱՄ երկրների՝ ՆԱՏՕ մտնելու ցանկությունը: Այն պետությունները, որոնք խոսում են ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին, պետք է հիշեն, որ իրենք էլ ինքնորոշման արդյունք են, քանի որ եթե մի փոքր խիստ մոտենանք հարցին, ապա պետք է մինչ այսօր Մեքսիկան լիներ Իսպանիայի կազմում, ԱՄՆ-ը՝ Անգլիայի և այլն: Այսինքն՝ այն, ինչ քաղաքական առումով տեղի է ունեցել ու տեղի է ունենում, հնարավոր չէ կանգնեցնել: Այն ընթացող գործընթաց է, և ոչ մեկը չի կարող այդ կենդանի հոսքը կասեցնել»:
Միևնույն հարցի շուրջ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ասաց. «Մինչև Հարավային Օսիան և Աբխազիան ԼՂ-ի համար նախադեպ էր նախ Կոսովոն: Այս ամենը հիմք է, որ նույնանման վերաբերմունք ցուցաբերվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հանդեպ: ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչումն արդեն իսկ պետք է դիտվեր օրինակելի փաստ նույնանման հակամարտությունների հանգուցալուծման հարցում: Ես ԼՂՀ-ի համար ավելի շատ նախադեպ եմ համարում Կոսովոյի ճանաչումը, քանի որ այստեղ ակնհայտ է քաղաքակրթական լուրջ տարբերությունը»:
Հետաքրքիր էր նաև այս խնդրի առնչությամբ լսել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ, ով մեզ փոխանցեց. «Կատարվածը ի նպաստ մեզ է: Այսօր Ռուսաստանը վերանայել, սրբագրել է իր նախկին դիրքորոշումները, ինչը, կարծում եմ, նաև Արցախի շահերից է բխում: Իսկ այսօրվա իշխանություններից ես միայն մի ակնկալիք ունեմ, որ օր առաջ հեռանան երկրից: Որքան շուտ հեռանա այս կրիմինալ ռեժիմը, այնքան ավելի մեծ օգուտ կբերի մեր երկրին: Այսօր այդ ռեժիմի ներկայացուցիչները ոչ մի դրական քայլ չեն կարող կատարել: Նրանք արդեն աշխարհով մեկ ընկալվում են որպես կրիմինալ ռեժիմ»:
ՀԺԿ քաղխորհրդի անդամ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ նախ այս հարցի առնչությամբ ՀՀ ղեկավարության դիրքորոշմանը գնահատական տվեց. «Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական հարցերում, իրավիճակային է: Մենք կարծես թե չունենք երկարաժամկետ ծրագրեր, որոնք որպես պետական գործունեության նպատակ ֆիքսված լինեն: Մենք որոշումներ կայացնում կամ չենք կայացնում զուտ իրավիճակից ելնելով: Նույնը կատարվեց նաև այս դեպքում: Սակայն այդօրինակ որոշումների արդյունքում Հայաստանը միշտ հայտնվում է ինչ-որ ծուղակների մեջ և խաղալիք է դառնում գերտերությունների ձեռքում։ Մեզ պես երկրների զենքն առաջին հերթին կարող են լինել լեգիտիմ իշխանությունը և ժողովրդավարությունը, որոնք հնարավորություն կտան Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին հարցերում ճիշտ որոշում կայացնել»: Իսկ ԼՂ-ի համար այս պետությունների անկախությունը կարո՞ղ է նախադեպ լինել։ Ըստ տիկին Խաչատրյանի, նախադեպ կարող էինք համարել նախ Կոսովոն, հետո միայն` հիշյալ պետությունները: «Այս ամենը եթե ոչ նախադեպ, ապա այլ կերպ չի կարելի դիտարկել, քանի որ պատմությունը հիմնված է հենց նման նախադեպերի վրա: Ի դեպ, Հարավային Օսիայի և Աբխազիայի համար նախադեպ եղավ Կոսովոն»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5368

Մեկնաբանություններ